Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:

 

Մոգերինին «ընդհանուր գերակայություն» է համարել ամբողջ ծավալով Մինսկի համաձայնությունների կատարումը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն «զգալի գործնական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ-ի առաքելությանը», որպեսզի կազմակերպությունը «կարողանա լիովին կատարել իր դերը տեղերում»:

 

Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության՝ Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոգերինին եւ Պան Գի Մունը «քննարկել են Մինսկի համաձայնությունների իրականացմանը, մասնավորապես, Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ամրապնդմանը աջակցելու նպատակով ձեռնարկվող ջանքերի համակարգման անհրաժեշտությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: