Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի բանակցությունների ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում լրագրողների համար կայացած բրիֆինգի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին:
Լավրովը եւ Քերին խոսել են, մասնավորապես, «Իրանի եւ «հինգ գումարած մեկ» խմբի» բանակցությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ այնտեղ լարվածության սաստկանալու կապակցությամբ պահպանվող անհանգստության մասին: Բացի այդ, ռուս եւ ամերիկացի դիվանագետները կարեւորել են Մինսկի արձանագրության դրույթների կատարումը: Պսակիի խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի հաստատակամորեն առաջադրել այդ հարցերը եւ մյուս գործընկերների հետ քննարկել իր անհանգստությունը» Ուկրաինայում իրադարձությունների զարգացման կապակցությամբ:
«Մենք դաշնակիցների եւ գործընկերների հետ պատրաստ կլինեինք ընդլայնել եւ խորացնել գոյություն ունեցող պատժամիջոցները»,- հայտարարել է նա: Ընդսմին Պսակին խոստովանել է, որ առայժմ չի կարող որեւԷ բան հայտարարել Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժիչ միջոցառումների մասին: «Մենք կշարունակենք համակարգել գործողությունները եւ քննարկել հենց այդ հարցերը»,- հավելել է Պսակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: