Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 5-ին հանդիպում կունենան Փարիզում եւ կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:

 

«Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին այսօր հանդիպում կունենան Փարիզում եւ կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն այս շաբաթ Ուկրաինայի իրադրությունն արդեն քննարկել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

 

Ջոն Քերին Ուկրաինայի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների հետ նախօրյակին Կիեւում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարածք զորք մտցնելու համար պատրվակ ստեղծելու փորձի մեջ:

 

Քերին այցելել է այն վայրերը, որտեղ սպանվել էին Կիեւում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները: Նա վարդեր է դրել եւ մոմեր վառել զոհվածների հիշատակին:

 

«Եթե Ռուսաստանը չչափավորի իր եռանդը եւ երկխոսություն չսկսի Ուկրաինայի կառավարության հետ, ապա մեր գործընկերներին այլ ընտրություն չի մնա, քան միանալ մեզ եւ ընդլայնել քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական գործընթացներում Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված միջոցները, որոնք ձեռնարկվում են մեր կողմից: Մենք չենք ձգտում դրան, բայց Ռուսաստանի քայլերը կարող են մեզ այլ ընտրություն չթողնել»,- հայտարարել է նա:

 

Իր հերթին նախագահ Բարաք Օբաման ասել Է, թե ԱՄՆ-ը հուսով է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին կհաջողվի լիցքաթափել Ուկրաինայի իրադրությունը: «Մեզ գուցե հաջողվի առաջիկա մի քանի օրերին ու շաբաթներին հասնել լարվածության ապաէսկալացման,- նշել է նա:- Բայց իրադրությունը լուրջ է, եւ մենք շատ ժամանակ ենք հատկացնում դրան»:

 

Օբաման վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ղրիմում Ռուսաստանի գործողությունները դիտում է որպես «միջազգային օրենսդրության արմատական խախտում»: