ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները հունիսի 3-ին Բրյուսելում մեկնարկող երկօրյա հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արեւելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները եւ Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները:

 

Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ոչ միայն իրար հետ, այլեւ ՆԱՏՕ-Ուկրաինա եւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձեւաչափով:

 

Նախարարները Վրաստանի իրենց պաշտոնակցի հետ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանի անվտանգության համար Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների ճգնաժամի հետեւանքների շուրջ, ինչպես նաեւ կքննարկեն Վրաստանի ռազմապաշտպանական հատվածի բարեփոխման ընթացքը՝ դաշինքի պահանջներին դրա համապատասխանության եւ 2015 թվականին ՆԱՏՕ-ի հակազդման ուժերի գործողություններին Վրաստանի մասնակցության առումով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: