Հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում ապրիլի 14-ին մեկնարկում է G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սպասվում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, G7-ի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը, ինչպես պլանավորվում է, հունիսի 7-8-ը տեղի կունենա Բավարիայում:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԳՖՀ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Լորան Ֆաբիուսը G7-ի գծով իրենց գործընկերներին կտեղեկացնեն Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի մասին եւ կներկայացնեն Բեռլինում «նորմանդական քառյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները:

 

«Յոթի խմբի երկրների նախարարները Լյուբեկում կլսեն Ուկրաինայի ընթացիկ իրադրության մեր գնահատականը եւ բանավեճ կանցկացնեն այդ թեմայի շուրջ»,- ավելի վաղ հայտնել է Շտայնմայերը: