Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը Բեռլինում գերմանացի, ֆրանսիացի ու ուկրաինացի գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կայուն կարգավորման շուրջ պայմանավորվել կարելի է միայն երկխոսության հիման վրա: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Հակամարտողների կողմից հրադադարն ուժերի վերախմբավորման համար օգտագործելը կործանարար է Ուկրաինայի համար: Անընդունելի է այն ճանապարհը, ըստ որի աշխարհազորայինները կա՛մ պետք է զինաթափվեն, կա՛մ էլ ոչնչացվեն: Այդ ուղին կործանարար է հարևան, եղբայրական երկրի համար»,- հայտնել է Լավրովը:
Նշենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չորեքշաբթի հայտարարել է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներին հաջողվել է միջոցառումներ մշակել Ուկրաինայի արևելքում հրադադարի համար: