Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն երկխոսության միջոցով, հատկապես, երբ առկա է բանակցային գործընթաց: Հրավիրված ասուլիսում այդ մասին ընդգծեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Եթե կա բանակցային գործընթաց, չպետք է ձեռք մեկնել զենքին: Մեր համոզմունքն է՝ ցանկացած տարաձայնություն, հակամարտություն պետք է լուծում ստանա խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մոհամմադ Ռեյիսին' հավելելով, որ Իրանը դեմ է ցանկացած բռնության ու ծայրահեղականության:

 

«Պետք է հարգվեն միջազգային սկզբունքները: Չենք ցանկանում, որ տարածաշրջանում որևէ անկայություն լինի, քանի որ այն վնաս կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե կողմերը ցանկանան, ինքն էլ կարող է նպաստել խնդրի լուծմանը»,- նշեց Մոհամմադ Ռեյիսին' հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է խնդրի լուծման ուղղությամբ հասնի արդյունքի:

 

Ըստ նրա, քիչ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Ինչ վերաբերում է շփման գծում խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայմանը, դեսպանը նկատեց, որ այդ հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: