Արդյունաբերապես զարգացած յոթ առաջատար երկրների ղեկավարները հունիսին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Ուկրաինայի իրադարձությունները կլինեն G7-ի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման ուշադրության կենտրոնում»,-ասել է նա՝ բացելով Եվրամիություն-Ճապոնիա 22-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման Վան Ռոմպեյը և Ժոզե Մանուել Բառոզուն հունիսի 4-5-ին «յոթնյակի» ձևաչափով հանդիպում կանցկացնեն Բրյուսելում:
Բելգիայի մայրաքաղաքում երկօրյա խորհրդակցության հրավիրումը վերոհիշյալ պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից համաձայնեցվել էր մարտի 24-ին Հաագայում միջուկային անվտանգության հարցերի շուրջ տեղի ունեցած գագաթնաժողովում:
Մինչ այդ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է. «Մենք հույս ունենք գտնել առաջ տանող այն ճանապարհը, որը կհանգեցնի Ուկրաինայի իրադրության լիցքաթափման»:
Իր հերթին Էշթոնն ասել է, թե Եվրամիությունն ընդունում է Ռուսաստանի շահերն Ուկրաինայում: «Դա վերաբերում է ամուր տնտեսական կապերին: Իրոք, կան ամուր պատմական կապեր: Եվ իրապես պետք է գտնվի այն ուղին, որը կապահովի Ուկրաինայի և Ռուսաստանի խաղաղ գոյակցությունը»,- նշել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: