Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 27-ին ոչ պաշտոնական ընթրիքի կհավաքվեն Բրյուսելում, որի ընթացքում նրանք կքննարկեն Եվրախորհրդարանի ընտրությունները եւ Ուկրաինայի նախագահական ընտրությունները:

 

Եվրոպական ընտրությունների արդյունքները ցուցադրեցին քաղաքացիների աճող դժգոհությունը ԵՄ-ի քաղաքականությունից, հատկապես տպավորիչ էր եվրատյաց կուսակցությունների, մասնավորապես, «Ազգային ճակատի», հաջողությունը, որը ԵԽ-ում ստացավ Ֆրանսիայի 74 մանդտաներից 24-ը: Բրիտանացի եվրասկեպտիկները՝ Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությունը, ըստ վերջին տվյալների, ստացել են 73 բրիտանական մանդատներից 24-ը:

 

Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունները պահպանել են մեծամասնությունը, բայց 751-տեղանոց խորհրդարանում նրանց տեսակարար կշիռն զգալիորեն կրճատվել է: Այսպես, աջ կենտրոնամետ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը 213 տեղ է ստացել 274-ի փոխարեն, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը»՝ 190 տեղ 196-ի փոխարեն, իսկ կենտրոնամետ «Լիբերալների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» միավորումը՝ 64 տեղ 83-ի փոխարեն: Նրանց ղեկավարները ընտրությունների արդյունքում հանդես են եկել ամուր կոալիցիա ստեղծելու օգտին, որը կփոխարինի ԵԽ-ի համար սովորական դարձած համակարգին, երբ կուսակցությունները միմյանց հետ համաձայնության էին գալիս՝ կախված քվեարկության թեմայից:

 

Պետությունների ու կառավարությունների ղեկավարներն այդպիսով պետք է բանավեճ սկսեն եվրոպական նոր գերակայությունների շուրջ, որոնք ի զորու կլինեն վերադարձնել ընտրողների վստահությունը: Բացի այդ, նրանք պետք է քննարկեն եվրոպական ինստիտուտների ղեկավարների նշանակման գործընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: