Եվրամիության անդամ 28 երկրների քաղաքացիները մայիսի 22-ից 25-ն ընտրելու են Եվրախորհրդարանի՝ ԵՄ-ի օրենսդիր իշխանության 751 պատգամավորների:

 

Եվրամիությունը սահմանում է ընտրությունների ընդհանուր ժամանակաշրջանը, բայց քվեարկության ստույգ օրերն ու ժամանակը, ինչպես նաեւ ընտրական կորպուսը, որոշում են անդամ երկրները: Այսպես, մայիսի 22-ին ընտրությունները կսկսվեն Հոլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, 23-ին՝ Չեխիայում եւ Իռլանդիայում, 24-ին՝ Իտալիայում, Լիտվայում, Սլովկակիայում եւ Մալթայում, իսկ մնացած բոլոր երկրներում եվրախորհրդարանականներին կընտրեն մայիսի 25-ին: Պատգամավորների թիվը, որոնց ընտրելու են յուրաքանչյուր երկրի քաղաքացիները, կախված է բնակչությունից: Այսպես, գերմանացիներին բաժին կհասնի 96 մանդատ, ֆրանսիացիներին՝ 74, իտալացիներին ու բրիտանացիներին՝ 73-ական, իսպանացիներին՝ 54, լեհերին՝ 51: Ընդամենը վեցական պատգամավոր կընտրեն Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի եւ Կիպրոսի քաղաքացիները:

 

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունն ակնկալում է, որ ընտրությունների հիմնական արդյունքները հայտնի կլինեն մայիսի 26-ի առավոտյան: ԵԽ-ի նոր խմբակցությունները պլանավորվում է ձեւավորել մինչեւ հունիսի վերջը, որպեսզի մինչեւ հուլիսի սկզբին անցկացվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: