Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի և Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ուրախություն է հայտնել, որ բասկերի համայնքի և ԼՂՀ-ի միջև կապերն ավանդական են դարձել:

 

Ա. Հարությունյանը ընդգծել է, որ նրանց երկիրը և Արցախը նման պատմություններ ունեն, հատկապես՝ անկախության ճանաչման և սեփական իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի տեսանկյունից: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ բասկերը ներկայացված են եվրոպական խորհրդարանում և կարողանում են իրենց ձայնը բարձրացնել այդպիսի հարթակում:

 

Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ-եվրոպական ազատ դաշինքի» անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը իր խոսքում կարևորել է իրենց այցը՝ Արցախի փորձին և պատմությանը ծանոթանալու համատեքստում: Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշումը, իրավունքների պաշտպանությունը և համերաշխությունն այն հիմնարար սկզբունքներն են, որոնց վրա պետք է կառուցվեն նրանց հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել, որ հայ և բասկ ազգերը միասին պայքարելու են ավելի հավասար և արդար Եվրոպայի կառուցման համար: Եվրախորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ արցախյան համամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, և մոտ ապագայում կդրվեն նաև Եվրոպական խորհրդարանում համագործակցության հիմքերը:

 

Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ փաստելով, որ փոխադարձ հետաքրքրության շատ եզրեր կան՝ փորձի փոխանակումից մինչև ներդրումային ծրագրեր: Ձեռք են բերվել համաձայնություններ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

 

Հանդիպմանը մասնակցում էին Իսպանիայի խորհրդարանի անդամ Հոն Ինյարիտուն, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենսո Օչոան և մի շարք այլ հյուրեր: