Եվրամիությունը չի ձգտում ուժեղացնել իր ազդեցությունն Ուկրաինայի վրա: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Rheinische Post թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ Եվրամիությունն «աշխարհաքաղաքական հավակնություններ չունի»: Այլապես Բրյուսելը Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը չէր կապի այս երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության հետ, այլ այն կկնքեր առանց որևէ նախապայմանի:

 

Ինչպես նշել է Վան Ռոմպեյը, Ուկրաինայի վերաբերյալ «չեն կարող լինել որոշումներ «կամ-կամ» (սկզբունքով)՝ Արևելքի ու Արևմուտքի միջև ընտրություն կատարելու առումով:

 

«Եվրամիության համար շահեկան է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Ուկրաինան է, լավ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ»,- հավաստիացրել է նա: «Սակայն Մոսկվան չպետք է խոչընդոտի այն բանին, որ այդ պետությունները միաժամանակ խորացնեն հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ»,-նշել է Եվրախորհրդի նախագահը:

 

Դրա հետ մեկտեղ Վան Ռոմպեյն ասել է, որ եթե Ռուսաստանը չաջակցի Ուկրաինայի իրադրության ապաէսկալացմանը, Արևմուտքը նրա նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի:

 

Իր հերթին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը նախօրյակին գերմանական Leipzider Volkszeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են Եվրոպայի շահերին: «Մեզ՝ գերմանացիներիս համար, Ռուսաստանը մերձավոր գործընկեր է: Գերմանացիների և ռուսների միջև, ինչպես ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև, հաստատված են ընդգրկուն և հուսալի կապեր: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են մեր շահերին»,-ասել է նա:

 

Մերկելը նաև նշել է, որ ինքն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ կանոնավոր կերպով հաղորդակցվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և չի բացառել հնարավոր անձնական հանդիպումը: «Ներկա իրավիճակում անհրաժեշտություն կա որոշելու, թե երբ կկայանա մեր հաջորդ խոսակցությունը և այն արդյոք հեռախոսով կլինի, թե անձնական հանդիպման ընթացքում»,- հավելել է ԳՖՀ-ի կանցլերը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: