Ռուսաստանին անհրաժեշտ է «ուղղակի եւ անկեղծ երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ»: Այդ մասին ասված է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը տարածվել է մայիսի 28-ին:

 

«Ռուսաստանը պետք է ավարտի իր զորքերի հետքաշումը Ուկրաինայի հետ սահմանից եւ Ուկրաինայի արեւելքում գործող զինված ուժերի վրա իր ազդեցությունն օգտագործի այնտեղ իրադրության կայունացման համար»,- նշվում է փաստաթղթում:

 

Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ Ուկրաինան իր տնտեսությունը կայունացնելու համար պետք է Ռուսաստանի հետ համաձայնության հասնի գազի մատակարարման պայմանների շուրջ: «Մենք հուսով ենք, որ ԵՄ-ի աջակցությամբ եռակողմ բանակցությունները շուտով հաջողություն կունենան: Մենք պնդում ենք, որ Եվրոպային գազի մատակարարման պարտավորագրերը կատարվեն»,- նշվում է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ն միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում, որն «ուժեղացել է նոր նախագահի ընտրվելով», հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

 

«ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում Ուկրաինայի ընտրված նախագահի հետ աշխատանքն սկսելու հնարավորությանը»,- իր հերթին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: