Եվրամիությունը Ուկրաինայի և Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Որոշումը կայացվել է Եվրամիության անդամ երկրների նախարարների կողմից հունիսի 28-ին:
Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, Եվրամիությունը պատրաստ է ստորագրել ավիացիոն չորս կարևոր համաձայնագրեր և ամրապնդել քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Բացի Ուկրաինայից և Հայաստանից, Եվրամիությունը համանման համաձայնագիր կստորագրի Կատարի և Թունիսի հետ: Համաձայնագրերը պաշտոնապես կստորագրվեն աշնանը, որից հետո դրանք պետք է վավերացվեն Եվրամիության անդամ երկրների կողմից: Մինչ այդ բոլոր չորս երկրների հետ համաձայնագիրը ժամանակավոր կլինի:
Եվրամիությունը հուսով է, որ միասնական ավիացիոն տարածքի համաձայնագիրը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ հնարավորություններ կտա թռչել Եվրամիություն, ինչպես նաև կնպաստի օդային ճանապարհորդության մրցակցության բարձրացմանը, ինչը կարող է հանգեցնել ավելի էժան տոմսերի:
Նմանատիպ համաձայնագիր Եվրամիությունը Վրաստանի հետ ստորագրել էր 2010 թվականին: