Եվրամիությունը վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է, և այդ համատեքստում «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» կարևորությունը, որը բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է, գտնվում է ակտիվ իրագործման փուլում:

Եվրախորհրդարանում այս տեսակետն իր ելույթում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին։

«Այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում»,- նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ի թիվս ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանն իրականացնում է ոստիկանության բարեփոխումները և այս ամիս, ընդամենը երկու շաբաթից ավարտին կհասցվի բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում: Հայկական կողմն ակնկալում է համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության և հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով:

«Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարևոր նպատակներից են' կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն' տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն' Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն' Երևանի կանաչ զարգացման ուղղություններով»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն իր ելույթում ուրախությամբ ընդգծել է, որ դա ամենը չէ․ սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարևոր երկու փաստաթուղթ է ընդունվել: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի և ՀՀ վարչապետի քառակողմ հայտարարությունն է, մյուսը' նախագահ ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետի երկկողմ հայտարարությունը:

«Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Այս ամենի վրա հիմնվելով՝ կարող եմ հստակ և համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»: Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք»,- ասել է ՀՀ վարչապետը։