Հուլիսի 20-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդաժողովը` ԵՄ, թե՞ Միութենական պետություն թեմայով։ Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և մեր երկրի արտաքին քաղաքական այժմյան վեկտորին: Բանախոսների դիտարկմամբ՝ հայաստանյան մոտեցումը դեպի Արևմուտք վտանգավոր է և իր հետ կարող է բերել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ անվտանգային ոլորտում:
«Սահմանդրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունները և Արևմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:
«Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության փրկության ու հայ ժողովրդի համար ապահով հանգրվան տեսնում ենք մեր միությունը Ռուսաստանի հետ: Եթե Արեւմուտքի ծառաները խոսում են Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում մեր ժողովուրդը ունենա իրական ընտրություն` Միութենական պետություն Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա)»,- նշեց նա:
ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկանածու, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Հայաստանն ու կովկասյան տարածաշրջանը բարդ օրեր են ապրում, որից պետք է դուրս գալ նվազ կորուստներով ու փորձել վերականգնվել:
«Անդրադառնալով հարևան Վրաստանում տեղի ունեցողին՝ կարող եմ հստակ ասել, որ այնտեղ սովորական գործընթացներ չեն ընթանում. գլոբալ Արևմուտքը պատրաստվում է ընդունել իր պարտությունը: Եվրոպան չէր սպասում, որ Վրաստանը կարող է իրենց համար խնդիրներ ստեղծել և ամենակարևորը՝ չէին կարծում, որ Կովկասում իրենց առաջին հակադրվողը հենց նրանք կլինեն: Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի պետական ու արտաքին շահը Արևմուտքում չէ: Արևմուտքի համար հավասար գործընկերը նա է, որը կատարում է իր դրած պահանջները ու չունի կարծիքի իրավունք, պետական շահն առաջ տանելու ցանկություն: Սրա սկիզբը օտարերկրյա գործակալների մասին օրենքն էր: Վրաստանի ճիշտ որոշումը Հայաստան պետք է օրինակ վերցնի»,- կարևորեց Բալասանյանը:
Արդյունքում՝ «ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ». խորհրդաժողովի մասնակիցներն արտահայտեցին իրենց խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և բռնազավթված Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող ճակատագրական գործընթացների վերաբերյալ, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն Հայաստանի պետականությունը, Արցախի ազատագրման պայքարը այլեւ անգամ հայ ժողովրդի գոյությունը իր Հայրենիքի վերջին հանգրվանի վրա:
Բանախոսների համոզմամբ՝ Հայաստանում իշխանությունը զավթած Արեւմուտքի կամակատար խմբակը, որը արտահայտում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, հետևողականորեն իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից տարանջատվելու և Թուրքիայի և Եվրամիության հետ մերձենալու արտաքին քաղաքականությունը: Վերջիններս հիշեցնում են, որ օրերս ՀՀ բարձրագույն պաշտոնական դիրքերը զբաղցնող անձինք հայտարարեցին Եվրամիության հետ հնարավորինս մերձենալու, ընդհուպ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Այդ հարցի շուրջ Ազգային ժողովում անգամ կազմակերպեցին լսումներ: