Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ գործընկերության մակարդակի պահպանումն ու համագործակցության խորացումը: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ Ազգային ժողովում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

 

«Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Եվրամիությունը Հայաստանի համար կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Հայաստանը պատարստակամ է խորացնելու համագործակցությունը, այդ իսկ նպատակով իրականացվում են աշխատանքներ ներկայում նոր ձևաչափի և իրավական շրջանակների, համագործակցության խորացման հնարավորությունների և համապաստախան դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Կարեն Ճշմարիտյանը' հավելելով, որ ներկայում ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ քննարկումներ են ընթանում: «Հուսանք հայկական կողմն առաջիկայում ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններ կսկսի»,-ավելացրեց նախարարը:

 

 

Ճշմարիտյանն ընգծեց այն փաստը, որ Հայաստանը շարունակում է օգտվել Եվրամիության «GSP+» ռեժիմից, որը հնարավորություն է տալիս ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով առևտրային ռեժիմով ու կարևորեց դրա շարունակականության ապահովումը: «Այս արտոնության շնորհիվ Եվրոպական շուկան հայ արտադրողների համար դառնում է ավելի մատչելի ու գրավիչ»,-ասաց նախարարը:

 

 

Անդրադառնալով ԵՄ բյուջետային ու տեխնիկական աջակցության տրամադրմանը' Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ակնառու բարեփոխումներ են իրականացվել տնտեսական գործունեության մի շարք ճյուղերում: «Հայաստանը եվրոպական գործընկերներին առաջարկում է գործարարության լիբերալ մոդել, լայն գործիքակազմ, որակյալ ու կրթված, բայց միևնույն ժամանակ տնտեսապես շահավետ աշխատուժ»,-շեշտադրեց Կարեն Ճշմարիտյանը:

 

 

Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում են մի շարք հարցեր, այդ թվում' Արևելյան գործընկերության տարածաշրջանում առևտրի տարբեր հեռանկարների քննարկումը, ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության ուղիները, հանձնաժողովի 2015-2016 թթ. գործունեության պատրաստումը:

 

 

«Եվրանեսթ»-ի պատվիրակությունը Հայաստանում է մասնակցելու միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին, որը տեղի կունենա 2015թ. մարտի 17-18-ին:

 

 

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նպատակը Եվրամիության Հարևանության քաղաքականության բաղադրիչ մաս հանդիսացող Եվրամիության Արևելյան գործընկերությանը խորհրդարանական հարթություն տրամադրելն է: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ՎՀ) կազմում ընգրկված են Եվրախորհրդարանի 60 անդամներ և 10 խորհրդարանական Արևելյան գործընկեր յուրաքանչյուր հինգ երկրից: Վեհաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2011 թվականի մայիսի 3-ին Բրյուսելում: