Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Եվրամիությունը մտադիր է հանդիպում անցկացնել պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

 

«Մենք արդեն ստեղծված իրադրության կապակցությամբ հայտնել ենք մեր շատ լուրջ անհանգստությունը: Իրադրությունը չի բարելավվել: Մենք աշխատում ենք անդամ բոլոր պետությունների հետ, որպեսզի ընդհանուր դիրքորոշում մշակենք այդ իրադարձությունների նկատմամբ: Այսօր տեղի կունենա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, իսկ շատ շուտով Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները նույնպես կհանդիպեն, որպեսզի պատրաստեն ընդհանուր հակազդումը»,-ասել է Բառոզուն:

 

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունների հետ: «Մենք հավատում ենք, որ շատ կարևոր է դրսևորել մեր հավատարմությունը Ուկրաին այի ինքնիշխանությանը»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

 

Բառոզուի խոսքով՝ ներկայումս աշխատանք է տարվում Ուկրաինային աջակցության փաթեթ պատրաստելու համար:

 

«Եվ ես, և Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային աջակցելու մի քանի տարբերակ ենք պատրաստում: Ինչպես արդեն ասել ենք, մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Ուկրաինային առաջարկել քաղաքական ասոցիացիա և տնտեսական ինտեգրացիա»,-արձանագրել է Եվրահանձնաժողովի նախագահը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Բրյուսելում մարտի 3-ին տեղի կունենա ԵՄ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Այն անցկացնելու համար Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինա նախատեսված այցը մարտի 3-ից հետաձգել է մարտի 5-ին:

 

Եվրամիության երկրներին այդ հանդիպմանը իրենց դիրքորոշումները ձևակերպելուն օգնել է Հյուսիսատլանտյան խորհրդի՝ դեսպանների մակարդակով մարտի 2-ին կայացած վեցժամյա նիստը, խորհուրդ, որտեղ ներկայացված են ԵՄ-ի երկրների մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան և Թուրքիան: