Բրյուսելում մարտի 3-ին տեղի կունենա ԵՄ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Այն անցկացնելու համար Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինա նախատեսված այցը մարտի 3-ից հետաձգել է մարտի 5-ին:

 

Եվրամիության երկրներին այդ հանդիպմանը իրենց դիրքորոշումները ձեւակերպելուն օգնել է Հյուսիսատլանտյան խորհրդի՝ դեսպանների մակարդակով մարտի 2-ին կայացած վեցժամյա նիստը, խորհուրդ, որտեղ ներկայացված են ԵՄ-ի երկրների մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան եւ Թուրքիան:

 

ՆԱՏՕ-ի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին «Ուկրաինայի որեւէ մասում ձեռնպահ մնալ միջամտությունից» եւ «իր զորքերը վերադարձնել ռազմակայաններ»: Դաշինքը նաեւ կոչ է արել Ուկրաինա ուղարկել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդների եւ բանակցություններ սկսել կողմերի միջեւ:

 

Հայտարարության մեջ ընդգծվում է Ուկրաինայի կողմից «մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման շուրջ եւ օրենքի գերակայությանը համապատասխան քաղաքական երկխոսությունը» շարունակելու անհրաժեշտությունը:

 

Ուկրաինան «ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է», եւ դաշինքը լիովին պաշտպանում է «նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ընդգծել են հանդիպման մասնակիցները:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ՌԴ-ի հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում բանակցություններ վարել Ուկրաինայի իրադրության շուրջ: