Թբիլիսիում նոյեմբերի 26-ին տեղի կունենա «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական երկխոսության վեցերորդ հանդիպումը, որին կմասնակցի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար և արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:
«Հանդիպմանը գլխավոր ուշադրությունը դարձվելու է Ռիգայի գագաթնաժողովում սահմանված գերակայությունների իրագործման գործընթացներին և եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը կենտրոնանալու է ոչ միայն քաղաքական համատեքստի, այլև առողջապահության հարցերի վրա, ինչի կապակցությամբ Թբիլիսի կժամանի նաև առողջապահության հարցերի եվրակոմիսար Վիտյանիս Անդրյուկայտիսը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին մեկնելու է Թբիլիսի՝ մասնակցելու «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Արևելյան գործընկերություն» նախագիծը նպատակամղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական ինտեգրացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: