«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը միշտ ողջունել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացման բոլոր ուղղությունները: Այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ»-ի ԽՎ հայաստանան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ելույթ ունենալով Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների համատեղ քննարկմանը: Մենք «Եվրանեսթ»-ի բոլոր պլատֆորմներում և աշխատանքային նիստերում մենք միշտ կարևորել ենք այդ հանգամանքը, որովհետև գտնում ենք, որ «Եվրանեսթ»-ի խնդիրը առաջին հերթին քաղաքացիական հասարակությունների մերձեցման հարցն է: Մեր խնդիրը չէ հակամարտություններ կարգավորելը, մեր խնդիրը չէ առանց այդ էլ նուրբ և բարդ խնդիրների մեջ էլ ավելի բարդաց նող իրավիճակներ ստեղծելը: Դրա համար մենք նախորդ 4 տարում միշտ ողջունել ենք քաղաքացիական հասարակությունների մերձեցմանն ուղղված բոլոր քայլերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:
Զաքարյանը կարևորում է այն հանգամանքը, որ «Եվրանեսթ»-ի ԽՎ հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է խորհրդաժողովի՝ Բաքվում կայացած նիստին և ուրախությամբ լսել է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կարծիքները: «Սակայն մի բան պետք է շատ լավ հասկանալ և գիտակցել: Քաղաքացիական հասարակությունն ինչ-որ մարդկանց խումբ չէ, որ ունի ավելի դեմոկրատական հայացքներ, քան մյուսները: Քաղաքացիական հասարակությունը ամբողջ հասարակությունն է՝ բոլոր մեր քաղաքացիները միասին վերցված: Դրա ակտիվ մասն էլ կազմակերպություններն են, որոնք ներկայացնում են հավաքական շահը: Եվ մենք՝ որպես «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներ մեր ազգային խորհրդարաններից, պետք է փորձենք այդ հավաքական շահերը մեկտեղել»,- ընդգծեց պատգամավորը:
Զաքարյանն այն կարծիքին է, որ շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին ուշադրություն դարձվի ցանկացած հասարակության գլոբալ խնդիրներին: «Այս առումով կարևորում եմ ԵՄ-ի կողմից իրականացվող փոփոխության իրականացումն առ այն, որ այսուհետ Եվրամիությոնը պետք է առանձնացված մոտեցում ունենա Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ: Այո, չի կարելի մեկ ընդհանուր չափման միավորի մեջ տեղավորել բոլոր պետությունները, որոնք ունեն աշխարհագրական, քաղաքական և նաև հարաբերությունների տարբեր ուղղություններ՝ գումարած սոցիալական և տնտեսական խնդիրները»,- մանրամասնեց պատգամավորը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ քաղաքացիական հասարակության դերն այս հարցում շատ կարևոր է, իսկ «Եվրանեսթ»-ի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի առավել ուշադիր մոտեցում ունենալ քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի նկատմամբ՝ առաջին հերթին վստահության մթնոլորտ ձևավորելու համար: Նրա խոսքով՝ եթե չկա վստահության մթնոլորտ, մնացած բոլոր քայլերը ժամանակավոր և անպտուղ բնույթ են կրելու: