Հայաստանը չի շեղվել Եվրոպական Միության հետ համագործակցության ճանապարհից: Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակում է մնալ կայուն և հաստատուն: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հայաստանի համար Եվրամիության և Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացները բոլորվին այլ բովանդակություն ունեն և երբեք չեն հակադրվելու բարեփոխումների, ժողովրդավարական և այն ինստիտուցիոնալ ձեռքբերումներին, որոնք մենք ունեցել ենք ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

 

Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության անդամ՝ շարունակելով պատասխանատու լինել իր հանձնառությունների համար: «Արևելյան գործընկերության այն 20 կետերը, որոնք հրապարակվեցին և ստորագրվեցին 13 պետությունների կողմից, արդեն խոսում են այն մասին, որ Եվրամիությունը շատ լավ գիտակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների իրական քաղաքական շահերը և ինքը ևս փորձում է իր քաղաքականությունը համապատասխանեցնել այդ շահերին»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

 

Հայաստանի՝ ԵՄ հետ համագործակցության օրակարգը հաստատուն է և այն պետք է պարունակի ՀՀ շահերը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանն իր շահերը ներկայացնելու է և առաջ է տանելու բոլոր մայրցամաքներում, բոլոր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Եվրամիության հետ երկարատև և խորը հարաբերություններում: Նրա դիտարկմամբ' սա այն համոզմունքն է, որը հայկական պատվիրակությունները միշտ բարձրաձայնում են եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:

 

Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Վերջերս հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը: ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Չնայած Մաքսային միությանն անդամակցության որոշմանը՝ Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: