Եվրամիության հետ երկխոսության շարունակությունը և համագործակցությունը Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարց է: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրամիության հետ հարաբերություններն ավելի խորանան, հատկապես ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ մենք պետք է փորձենք գտնել համագործակցության երկուստեք ընդունելի ճանապարհը, որը Հայաստանին հնարավորություն կտա շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- ասաց Զաքարյանը:

 

Նա նշեց, որ ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհի համար հրամայական են: ՀՀ-ն' ունենալով փակ սահմաններ և դեռևս չլուծված կոնֆլիկտային հարաբերություններ հարևան երկրի հետ, գտնվելով տնտեսական շրջափակման մեջ, համաշխարհային քաղաքականության մեջ շարունակելու է իր բազմավեկտոր քաղաքական կուրսը և փորձելու է հավասարակշռված և համագործակցային քաղաքականություն իրականացնել բոլոր այն պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք շահագրգիռ են Հայաստանի հետ հարաբերություններով, տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացման խնդիրներով: