Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրում մեզ համար կարևոր կետերը: Այս մասին Բրյուսելում Եվրանեսթի սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում փետրվարի 13-ին նշել է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Արտակ Զաքարյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Նախևառաջ ցանկանում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտել տիկին Անդրիկիենեին և Եվրախորհրդարանի քարտուղարությանը այս հանդիպումը Բրյուսելում կազմակերպելու համար: Պետք է նշել, որ նախատեսված օրակարգը լավագույնս արտացոլում է մեր առաջնահերթությունները, զարգացումները և ներկայիս մարտահրավերները:
Փորձը ցույց է տվել, որ մեր աշխատանքները այս հանձնաժողովի շրջանակում եղել են արդյունավետ: Մենք հաջողել ենք ստեղծել կառուցողական մթնոլորտ և, շնորհիվ մեր բոլորի ջանքերի, նույնիսկ զգայուն հարցերի քննարկման դեպքում, մեծամասամբ հնարավոր է եղել կայացնել ընդհանուր որոշումներ: Հուսով եմ,որ այսօր օրակարգում ընդգրկված բոլոր քննարկումները կարևոր կլինեն պատվիրակությունների համար: Լինելով այստեղ, մենք,նախևառաջ,պատասխանատու ենք մեր ընտրողների առջև:
Հարգելի գործընկերներ,
Վիլնյուսի գագաթաժողովն արդեն անցյալում է: Շատ կարևոր,և ըստ էության, շատ արժեքավոր էր,որ այն ապացուցեց ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների կարողությունը և պատրաստակամությունը միավորելու և համատեղելու արժեքներն ու ազգային կենսական շահերը: Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը,որ Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրում մեզ համար կարևոր կետերը: Եվրոպական Միության հետ խոր և համապարփակ հարաբերությունները մեզ համար միշտ եղել և մնում են օրակարգային առաջնահերթություն: Սա մեզ համար խոր համոզմունք է և մենք հանձնառու ենք շարունակելու այս ուղին:
Նաև, ցանկանում եմ ողջունել մեր այն գործընկեր երկրներին, որոնք նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նաև լիահույս եմ մոտ ապագայում Ուկրաինայում իրավիճակի կայունացման կապակցությամբ' հուսալով, որ Ուկրաինայի մեր գործընկերները առաջիկայում կմիանան Եվրանեսթի մեր աշխատանքներին»: