Եվրամիությունը պատրաստ է 20 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինայի նոր կառավարությանը բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը: «Իմ համոզմամբ, Ուկրաինայում նոր կառավարության ձեւավորումից հետո ԵՄ-ն կկարողանա անհապաղ 20 մլրդ եվրո օգնություն տրամադրել Ուկրաինայի կառավարությանը, որպես զի երկիրը փրկի դեֆոլտից»,- ասել է խորհրդարանականը: Նա նշել է, որ Եվրամիության օգնությունը կուղղորդվի «երկրի ապագայի համար ավելի լավ տնտեսական պայմանների ստեղծմանը» եւ «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի պատրստմանն ու ստորագրմանը»:

 

Փետրվարի 23-ին Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի տնտեսական իրադրությունն աղետալի է, հավելելով, որ գանձապետարանում միջոցներ չկան:

 

Փետրվարի 24-ին Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը, որի մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը եւ բանաձեւ կընդունեն քննարկման արդյունքների վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդել է Financial Times բրիտանական թերթը, ԵՄ-ի ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը Սիդնեյում G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման կուլիսներում հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն է անհրաժեշտ երկիրը սնանկացումից փրկելու համար:

 

Եվրակոմիսարի խոսքով՝ օգնությունը պետք է կազմի միլիարդավոր եվրո: Արժույթի միջազգային հիմնադրամը գլխավորող Կրիստին Լագարդը հանդիպումից հետո նշել է, որ միջազգային օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ երկրում մեկնարկեն տնտեսական բարեփոխումները:

 

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 24-ին կժամանի Կիեւ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի տնտեսության կայունացման միջոցառումները:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Ուկրաինայի խորհրդարանում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ անցումային կառավարության ձեւավորումից հետո Ուկրաինային անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: