Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ հիմնավորման, փաստաթղթի նպատակն է տնտեսական առանցքային բարեփոխումների հարցում Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում։
Համաձայնագրով նախատեսված է տրամադրել տեխնիկական աջակցություն, մասնավորապես, հետևյալ ոլորտներով` տնտեսական կառավարում, պետական և մասնավոր ներդրումների ներգրավում, գործարար և ներդրումային միջավայր, առևտրի և շուկայի հնարավորություններ, հաղորդակցություն և էներգետիկա:
Համաձայնագրով նախատեսված տեխնիկական աջակցությունը նախատեսվում է տրամադրել, այդ թվում Թվինինգ ծրագրերի միջոցով, որոնք կարող են նաև կիրառվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի հետ գործընկերության առաջնահերթությունների իրականացման համար կարևոր համարվող այլ ոլորտներում։
Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլն եվրո:
Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 66 ամիս: