Եվրամիությունը 44,5 մլն եվրոյի չափով նոր ֆինանսական փաթեթ կհատկացնի Վրաստանին՝ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրացման նպատակով բարեփոխումներին աջակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության վարչապետի մամուլի ծառայությունը:

 

Համապատասխան համաձայնագիրը հունվարի 15-ի երեկոյան Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը:

 

«Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները կօգնեն Վրաստանին կատարելու ԵՄ-ի հետ խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ մասնավոր հատվածի զարգացմանը եւ փոքր ու միջին ձեռնարկությունների հնարավորությունների ուժեղացմանը՝ նոր կարգավորող միջավայրում ադապտացման գործընթացում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ ԵՄ-ն ռազմավարական օգնության ծրագրի շրջանակներում 2014-2017 թվականներին Վրաստանին կհատկացնի 330 միլիոնից մինչեւ 410 մլն եվրոյի չափով ֆինանսական ռեսուրսներ: