Եվրահանձնաժողովը 3,4 մլն եվրո կտրամադրի Վրաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

 

 

«Ի պատասխան Թբիլիսիում ուժգին, մահաբեր ջրհեղեղի՝ Եվրահանձնաժողովը հօգնություն Վրաստանի իշխանությունների լրացուցիչ միջոցներ կտրամադրի առավել անհետաձգելի հետևանքների դեմ պայքարում: Հասանելի կլինի մինչև երեք միլիոն եվրո»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Այդ միջոցները կօգտագործվեն Թբիլիսիում այն ընտանիքներին օգնելու համար, ովքեր տարերային աղետի հետևանքով կորցրել են իրենց տները: Գումարը ԵՀ-ի կողմից հատկացվելու է որպես բյուջետային աջակցություն Վրաստանին:

 

 

ԵՀ-ն նաև որպես հումանիտար օգնություն 400 հազար եվրո կտրամադրի առավել տուժած ընտանիքներին: Այն կներառի պարենամթերք, վերմակներ, սննդի պատրաստման սալօջախներ, ջուր, սանիտարական և բժշկական օգնություն: Այդ միջոցները կտրամադրվեն նաև Վրաստանի Կարմիր խաչին:

 

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հաղթահարել Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքները:

 

 

Ուժգին տեղատարափը, որն ուղեկցվել է կարկուտով ու քամիով, Թբիլիսին պատուհասել է հունիսի լույս 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնելու հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 19 մարդ, վեց բնակիչներ անհայտ կորած են համարվում: Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու կամավորներ երրորդ օրն է՝ աշխատում են աղետի հետևանքների վերացման համար:

 

 

 

«Ես խնդրում եմ նախագահին պետական հատուկ շքանշաններով պարգևատրել բոլոր այն փրկարարներին, ոստիկաններին ու կամավորներին, ովքեր հերոսություն են դրսևորել վերջին օրերին: Ես միջնորդությամբ նախագահին կդիմեմ այն բանից հետո, երբ կներկայացնեմ այդ մարդկանց ցուցակը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին հունիսի 16-ին ելույթ ունենալով ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: