Եվրահանձնաժողովը հավանություն Է տվել 2014-2020 թվականներին ԵՄ-ի անդամ 19 երկրների 2,4 մլրդ եվրո հատկացնելուն՝ լուծելու միգրացիայի եւ ներքին անվտանգության հետ կապված խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ: Օգնությունը հատկացվում Է երկու՝ ապաստանի տրամադրման, միգրացիայի ու ինտեգրացման եւ ներքին անվտանգության ֆոնդերի շրջանակներում:
Միգրացիայի բնագավառում ֆինանսավորումը կուղղորդվի միգրանտներին ընդունելու ազգային քաղաքականության աջակցմանը, ապաստան տրամադրելու համապատասխան ընթացակարգերի ապահովմանը, տեղական եւ տարածաշրջանային մակարդակներով ինտեգրացմանը եւ միգրանտների վերադարձման ծրագրին: Ներքին անվտանգության հիմնադրամը միջոցներ Է հատկացնում սահմանների նկատմամբ հսկողության եւ ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության, կիբեռհանցագործությունների եւ մարդավաճառության դեմ պայքարի բնագավառում անդրսահմանային համագործակցության համար:
Օգոստոս սկզբին միգրացիոն ֆոնդի շրջանակներում հավանության Էին արժանացել ազգային ծրագրերը Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Իսպանիայի եւ Շվեդիայի համար եւ ներքին անվտանգության ոլորտի ծրագրերը Ավստրիայի, Հունգարիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Իսպանիայի համար:
«Այժմ միջոցները կարող են փոխանցվել սահմանամերձ պետություններին, ինչպիսիք են Հունաստանը եւ Իտալիան, եւ ԵՄ-ի անդամ այլ երկրների, որոնք բախվում են զգալի միգրացիոն հոսքերի: Եվրահանձնաժողովն ինտենսիվորեն աշխատում Է անդամ երկրների հետ, որպեսզի ԵՄ-ի միջոցները հատկացվեն շտապ կարգով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն առավել մեծ օգնություն կցուցաբերի Իտալիային (մոտավորապես 313 մլն եվրո՝ միգրացիայի ֆոնդից եւ շուրջ 245 մլն եվրո՝ ներքին անվտանգության ֆոնդից), Իսպանիային (260 եւ 262 մլն եվրո՝ համապատասխանաբար) եւ Հունաստանին՝ (260 եւ 215 մլն եվրո՝ համապատասխանաբար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: