Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի հետ 18 մլն եվրո ընդհանուր գումարի ֆինանսական աջակցության երկու համաձայնագրերի ստորագրմանը, գրում է Sputnik-ը։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ առաջին համաձայնագրով Հայաստանն ակնկալում է ստանալ 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն, մասնավորապես՝ աջակցելու կառավարության ջանքերին՝ լուծելու Արցախից փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները, ապահովելու նրանց երկարաժամկետ խնդիրները՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում, ինչպես նաև տնտեսական ծրագրի իրականացման դյուրացում։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում։
Երկրորդ ծրագիրը տրամադրում է դրամաշնորհային ֆինանսավորում 3 միլիոն եվրոյի չափով' նպաստելու բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտներում ծրագրերի իրականացմանը:
Տարվա վերջին եռամսյակում կհաստատվի ևս 15 մլն եվրոյի ծրագիր։