Եվրամիությունը որպես օգնություն 180 միլիոն եվրո կհատկացնի սիրիացի գաղթականներին և փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշված է, որ օգնությունը կհատկացվի ինչպես Սիրիայի ներքին գաղթականներին, այնպես էլ Լիբանանում և Հորդանանում գտնվող փախստականներին: Ընդհանուր գումարից 41 միլիոնը նախատեսված է Սիրիայի ներքին գաղթականների համար, որով կհոգան կրթական և առողջապահական ոլորտների հարցերը:
Հորդանանում հաստատված սիրիացի փախստականների համար նախատեսված է 66 միլիոն եվրոն, որից 45 միլիոնը կտրվի Հորդանանի կրթության նախարարությանը' փախստականների կրթության հարցերը լուծելու համար: Մնացած 73 միլիոն եվրոն կհատկացվի Լիբանանի սիրիացի փախստականներին, որի մեծ մասը՝ 56,5 միլիոնը, կտրամադրվի կրթական և առողջապահական ոլորտներին:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպությունը հայտարարել էր, որ միլիոնավոր սիրիացի երեխաներին սով է սպառնում: Կազմակերպությունը կոչ է արել հրատապ ծրագիր իրականացնել' օգնելու համար մոտ 1,7 միլիոն սիրիացի փախստականներին:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից: