Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 500 միլիոն եվրոյի օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից կուղղվի ծանր սպառազինություն՝ տանկեր և հրետանի գնելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Սա G7-ի արտգործնախարարների յոթերորդ հանդիպումն է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր: Խնդիրը մնում է նույնը՝ ավելի շատ աջակցություն Ուկրաինային, ներառյալ ռազմական աջակցությունը: Ես կհայտարարեմ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին, ինչը մեր օգնությունն ընդհանուր առմամբ կհասցնի 2 միլիարդ եվրոյի»,- ասել է Բորելը։ Նա մանրամասնել է, որ այդ միջոցները «օգտագործվելու են ծանր սպառազինություն ձեռք բերելու համար։ «Այս պահին մենք արդեն ուղարկել ենք զրահատեխնիկա, տանկեր, հրետանի և արկեր»,֊հավելել է Բորելը։
Բորելը նաև կոչ է արել G7 երկրներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, կիրառել նոր պատժամիջոցներ, փորձել մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային ասպարեզում և «միասնական ճակատ ստեղծել Ուկրաինային աջակցելու համար»։
Ապրիլին Բորելը հայտարարեց ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ԵՄ դիրքորոշման արմատական փոփոխության մասին։ ԵՄ֊ի պատմության մեջ առաջին անգամ նա պաշտոնապես կոչ արեց ոչ թե հակամարտությունը կարգավորել խաղաղ, այլ ռազմական ճանապարհով՝ հաղթանակ տանելով Ռուսաստանի նկատմամբ «ռազմի դաշտում»։