Գերմանիան, որպես օգնություն, լրացուցիչ 500 միլիոն եվրո կհատկացնի սիրիացի փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 28-ին տեղեկացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը' Բեռլինում կայացած միջազգային համաժողովի փակման ժամանակ:

 

Նշված գումարը առաջիկա 3 տարիների ընթացքում կտրամադրվի մարդասիրական նախագծերին: «Համաշխարհային հանրությունը փախստականներին միայնակ չի թողնի իրենց խնդիրները լուծելու հարցում»,- նշել է նախարարը:

 

Նրա խոսքով' ապագայում իրենց աջակցությունը կիրականացվի ավելի կազմակերպված, և ուշադրության կարժանան Սիրիայի հարևան երկրները, որոնք կրել են սիրիական հակամարտության ազդեցությունը:

 

Սիրիացի փախստականների հարցի լուծման վերաբերյալ համաժողովի անցկացման մասին որոշում կայացվել էր սեպտեմբերի վերջին, Նյու Յորքում: Հանդիպմանը մասնակցել են 40 երկրների ներկայացուցիչներ: