Եվրամիությունն ու Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության ոլորտներում: Եվրամիության Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը պաշտոնավարման առաջին աշխատանքային օրը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Եվրահանձնաժողովից:

 

«Մենք աջակցում ենք երկրների մոդեռնիզացիայի ջանքերին և կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումներին Հայաստանում»,- ասել է հանձնակատար Հանը:

 

Հանձնակատարն ու Կարեն Ճշմարիտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր' հիմք դնելով Հայաստանի համար ԵՄ աջակցության «Եզակի աջակցության շրջանակ» ծրագրին, որի հիմքում ռազմավարական նպատակներ և առաջնահերթություններ են հետագա' 2014-2017թթ. համագործակցության համար' 140-170 միլիոն եվրոյի տրամադրումով:

 

Մասնավոր հատվածը, հանրային կառավարումն ու արդարադատությունը կլինեն բարեփոխումների երեք առաջնահերթ ուղղությունները: Այդ գործողությունները կծառայեն հանրային ինստիտուտների մոդեռնիզացմանն ու կաջակցեն քաղաքացիական հասարակության կայացմանը:

 

Հանձնաժողովականը նաև հայտարարել է ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության առաջին փաթեթի մասին: Այն կկազմի 19 միլիոն եվրո և կհատկացվի փոքր ձեռնարկատերերին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Օգնությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Ինչպես փոխանցում են Եվրահանձնաժողովից, բիզնեսին ու ինովացիոն ստարտափերին աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է ստեղծել աշխատանքի լայն հնարավորություններ, մեծացնել երկրի տնտեսական մրցունակությունը և նպաստել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը:

 

Մարդու իրավունքների պաշտպանության հատվածում նոր ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան օրենսդրությունը ազատ ընտրություններ անցկացնելու ոլորտում, կծառայի խոշտանգումների և խտրականության կանխարգելմանը, ինչպես նաև գենդերային հավասարության և երեխաների պաշտպանության ապահովմանը:

 

Հանձնակատարն ու Կարեն Ճշմարիտյանը նաև ստորագրել են Հայաստանում գյուղատնտեության ու գյուղական զարգացման համար 25 միլիոն եվրո արժողության ֆինանսավորման համաձայնագիր: