Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև նախատեսվում է կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագիր: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը' նշելով, որ ֆինանսավորումը տրամադրվելու է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի շրջանակներում, ինչն ամրագրված է նաև 2013թ. նոյեմբերի 5-ին ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում:

 

«Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը' վրացական սահմանին մոտ' Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Միրումյանը:

 

Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: «KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ' 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո' Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից»,- ասաց նա:

 

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին: