ԵՄ անդամների, գործընկեր երկրների ու Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունից հետո Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել առաջիկա տարիների ընթացքում ֆինանսավորել Հարեւանության եվրոպական քաղաքականության շրջանակներում գործընկերներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրամիության պաշտոնական էջը, փաթեթը ներառում է ծրագրային փաստաթղթեր Ալժիրի, Հայաստանի, Ա դրբեջանի, Բելառուսի, Հորդանանի, Լիբանանի, Մարոկոյի, Թունիսի, ինչպես նաեւ արեւելյան ու հարավային հարեւանների տարածաշրջանային համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 մլրդ եվրո:
Հայաստանի համար 2014-2017թթ. ընթացքում 140-170 մլն եվրո կտրամադրվի հետեւյալ ոլորտների համար՝ մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման եւ արդարադատության համակարգի բարեփոխում:
«Հարեւանության երկրների հետ մեր հարաբերությունները միշտ առաջնահերթության թվում էին: Մենք ամուր կապեր ունենք այս երկրների հետ, եւ մենք կարեւոր դեր ենք խաղում՝ օգնելով նրանց հաղթահարել քաղաքական ու տնտեսական խնդիրները, որոնց հետ նրանք բախվում են: Մենք ձգտում ենք նրանց կողքին գտնվել խաղաղության, ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին»,- հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ հայտարարել է, որ օգնության առաջնահերթությունները հիմնվել են սերտ երկխոսության հիմքի վրա' հետաքրքրված բոլոր կողմերի մասնակցությամբ, պատասխանատվության եւ գործընկերության ոգով: «Ֆինանսավորումը կօգնի նրանց լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են այդ երկրների հասարակությունները»,- հայտարարել է նա: