Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 միլիոն յուանի (մոտ 2 մլրդ 230 մլն 200 հազար ՀՀ դրամ) չափով անհատույց տեխնիկական օգնություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:
Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն, ընդհանուր առմաբ, հատկացվել է 230 միլիոն յուանի օգնություն:
Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ո ւսուցմամբ դպրոցի կառուցման և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և զարգացման ծրագրերը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ: