Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

 

Հիմնավորման համաձայն՝ Չինաստանի կառավարության կողմից 1999թ. սկսած ՀՀ կառավարությանը յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն: Այդ շրջանակներում իրականացվող համագործակցությունն ընդհանուր առմամբ համահունչ է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծագրերին:

 

«Մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր' գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի ոլորտում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջև»,- նշված է հիմնավորման մեջ:

 

Ելնելով վերը ներկայացվածից' ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալ համաձայնագրի ստորագրումը համարում է նպատակահարմար: