ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր տված գնահատականների վերաբերյալ Հայաստանում ծավալված բուռն քննարկումներին՝ խորհուրդ տալով քննադատություններից առաջ ուշադիր լսել ձայնագրությունները. «Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի իմ ուղերձը տեղ հասցնեմ, ես դրա կարիքը չունեմ: Ոչ մի գնահատական, որն իմ կողմից արվել է, բացահայտում չէր քաղաքական գործիչների համար: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա պետք է շեշտեմ, որ դրա համար ԵՄ-ը տրամադրել է 7 միլիոն եվրո, և առանց սրա՝ այդ նոր տեխնոլոգիաների տեղադրումը հնարավոր չէր լինի: Գաղտնիք չէ նաև, որ մեր՝ ԵՄ աջացությունը եղել է ավելին, քան այդ 7 միլիոնն էր և, կարծում եմ, որ այս ֆինանսկան չափումն ամենաքիչն է, որ մենք արել ենք և դա արել ենք Հայաստանի իշխանությունների խնդրանքով»,-ասաց դեսպանը:
Վերջինս նաւև նշեց, որ եթե այլևս իրենց աջակցությունը ցանկալի չէ, իրենք իրենց ներկայությունը չեն պարտադրի:
«Կան շատ մարդիկ Հայաստանում, որոնք հավատում են մեզ, որ մենք լավ գործ ենք անում։ Մենք ընդունում ենք խոնարհաբար, որ կան որոշ մարդիկ, որոնք չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ, թե մենք ինչ ենք անում Հայաստանում։ Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ օգուտ ստանան նրանից, ինչ մենք կառաջարկենք նրանց»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանն անդրադարձավ նաև Արևելյան գործընկերության ընդլայնված և խորացված համաձայնագրի ստորագրման աշխատանքներին, շեշտելով, որ ԵՄ-ն ավարտել է տեխնիկական վարժանքը, ըստ որի, հաստատված են փաստաթղթի իրավական քայլերը։ «Մենք կարող ենք լավատես լինել։ Մենք հույս ունենք, որ նոյեմբերին համաձայնագիրը կստորագրվի»,- հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը, նշել էր. «Ես չեմ լսել այդ հայտարարությունը, բայց եթե նման հայտարարությամբ հանդես է եկել, ես կարծում եմ՝ դա փորձ է ներքին քաղաքականությանը, մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նպատակից»: