Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավելի քան 100 մլն եվրո տրամադրել Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ կայածած երկրի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքների հիման վրա:
«Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք առավել ակտիվորեն են դիմակայում Էբոլայի համաճարակին, որն աննախադեպ չափերի է հասել Արեւմտյան Աֆրիկայում: Խորհրդի նիստի ընթացքում Հանրապետության նախագահը որոշում է ընդունել ուժեղացնել աջակցությունը Գվինեային՝ ավելի քան 100 մլն եվրոյի չափով միջոցներ հավաքելով գործողությունների ենթադրվող ծրագիրն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այդ ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է պատրաստել մասնագետների, Գվինեայում շարք մտցնել երկու նոր բժշկական կենտրոն, երկրում հիվանդանոց բացել վիրուսով վարակված տեղի բուժանձնակազմի համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ հինգ երկրներում, որտեղ հայտնաբերվել է Էբոլայի վիրուսը, գրանցված է վարակման 9936 եւ մահվան 4877 դեպք: Այս տվյալները վերաբերում են Գվինեային, Լիբերիային, Սիեռա Լեոնեին, Իսպանիային եւ ԱՄՆ-ին: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակի ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: