ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի երկրորդ օրվա իր ելույթում հայտնել է, որ մայրցամաքի երկրները և Ռուսաստանը կապված են բարեկամական սերտ կապերով։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան աֆրիկյան երկրներին ընդհանուր առմամբ 23 մլրդ դոլարի պարտք է ներել։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մոտ 90 մլն դոլար կհատկացնի աֆրիկյան երկրների զարգացման համար։
«Ռուսաստանը նույնպես մասնակցում է աֆրիկյան երկրների պարտքի բեռը մեղմելու ջանքերին։ Մինչ օրս մեր ներած ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դոլար։ Աֆրիկյան երկրների վերջին խնդրանքով մենք ավելի քան 90 միլիոն կհատկացնենք այս զարգացման նպատակների համար»,- ասել է Պուտինը։
Նախօրեին՝ հուլիսի 27-ին, ֆորումում հայտարարվել էր, որ Ռուսաստանը չեղարկել է Սոմալիին ավելի քան 684 մլն դոլարի պետական պարտքը։ Այս մասին տեղեկություն է տարածել Սոմալիի փոխվարչապետ Սալահ Ահմեդ Ջաման։ Նրա խոսքով, ռուսական կողմը ներում է աֆրիկյան պետությանը երկու պարտք՝ 7,5 մլն դոլար և ավելի քան 684 մլն դոլար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությանը Սոմալիի մնացած պարտքերը կվերադարձվեն նոր ժամանակացույցով, որը աֆրիկյան պետություններին հնարավորություն է ընձեռում հետաձգելու վճարումները։