Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլն դոլար): Այդ մասին հաղորդվում Է կառավարության աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը մարտի 5-ին հրապարակվել Է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանում:
Չինաստանի պաշտպանական բյուջեն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում ԱՄՆ-ի ռազմական ծախսերից հետո: 2017 թվականին այն ավելացվել Էր 7 տոկոսով եւ պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրլն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրլն յուանի (մոտավորապես 151,97 մլրդ դոլար): Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ SIPRI-ն, ենթադրում են, որ Չինաստանն Էականորեն նվազեցնում Է ռազմական բյուջեին վերաբերող պաշտոնական տվյալները, իսկ նրա իրական պաշտպանական ծախսերը կարող են բարձր լինել 25-50 տոկոսով:
Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ հրապարակվող տվյալները չեն ներառում ֆինանսավորման գծով մի քանի շատ ընդգրկուն հոդվածներ՝ ռազմավարական ուժերի, պաշտպանական գիտատեխնիկական մշակումների, օտարերկրյա սպառազինությունների ներմուծման, ժողովրդական զինված ոստիկանության (ներքին զորքերի նմանօրինակը) եւ այլ կիսառազմական զինված կազմավորումների վրա կատարվող ծախսերը: Բացի այդ, հաշվի չեն առնվում ռազմական կարիքների համար նահանգային իշխանությունների ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: