ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2015 ֆինանսական տարվա ռազմական հատկացումների վերաբերյալ օրինագիծն ընդունել է 585 մլրդ դոլարի չափով: Այդ փաստաթղթին աջակցություն է հայտնել 300 կոնգրեսական, դեմ են արտահայտվել 119-ը: Սպասվում է, որ Սենատում քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Օրինագծով նախատեսվում է 521,3 մլրդ դոլար հատկացնել Պենտագոնի բյուջեին եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերին, որը պատասխանատու է միջուկային զենքի պահպանության եւ արդյունավետության համար: Եվս 63,7 մլրդ դոլար կտրամադրվի Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններին, այդ թվում՝ իրաքյան բանակի եւ այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմության ջոկատների պատրաստմանը:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պահանջով 5 մլրդ դոլար նախատեսված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: