Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը դատապարտող բանաձեւին եւ կոչ են անում կոշտ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։ Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Բրյուսելում Եվրախորհրդարանի արտակարգ լիագումար նիստում։
«Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և ներխուժումը, ինչպես նաև Բելառուսի մասնակցությունն այդ ագրեսիային»,- ասված է բանաձևի տեքստում։ Պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ «դրանց թիրախ դարձնելով տնտեսության և ռազմարդյունաբերական բազայի ռազմավարական թուլացումը և դրանով իսկ [նվազեցնելով] ապագայում միջազգային անվտանգությանը սպառնալու Ռուսաստանի Դաշնության կարողությունը»:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցված վնասը։ «Եվրախորհրդարանը ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է ուկրաինական ենթակառուցվածքների, ներառյալ քաղաքացիական օբյեկտների և բնակելի շենքերի, ինչպես նաև զգալի տնտեսական կորուստների համար, և պետք է փոխհատուցի իր ագրեսիվ գործողությունների հետևանքով պատճառված վնասը»,- ասված է բանաձեւում։
Դիվանագիտական ներկայացուցչությունների կրճատում
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրամիությանը կրճատել Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների թիվը անդամ երկրներում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ։
«Եվրախորհրդարանը կոչ է անում կրճատել Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների թիվը ԵՄ-ում և անդամ երկրներում, հատկապես այնտեղ, որտեղ այն ուղղակիորեն կազդի զինված ուժերի ներկայացուցիչների վրա»,- ասվում է փաստաթղթում։
Նավթի և գազի ներմուծման սահմանափակումներ
Պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին սահմանափակել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը, ինչպես նաև փակել Եվրամիության երկրների բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։
«Եվրախորհրդարանը, մասնավորապես, կոչ է անում սահմանափակել ռուսական առանցքային ապրանքների, այդ թվում՝ նավթի և գազի ներմուծումը», - ասվում է դրանում։
Բացի այդ, պատգամավորները պահանջել են «փակել Եվրամիության նավահանգիստները ռուսական նավերի համար» և «արգելել մուտքը դեպի ԵՄ բոլոր նավահանգիստներ այն նավերին, որոնց վերջին կամ հաջորդ նավահանգիստը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է մարդասիրական հիմնավորված պատճառներով»։