ԱՄՆ-ի Սենատը միաձայն բանաձեւ է ընդունել, որում կոչ է արվել հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները, որոնք կատարել են Ռուսաստանի կառավարությունն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Փաստաթղթում, որը Վերին պալատի քննարկմանն է ներկայացրել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, վճռականորեն «դատապարտվում են բռնությունը, ռազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները», որոնք, ինչպես ենթադրվում է, կատարվում են Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի կողմից՝ Պուտինի ղեկավարությամբ։
Բանաձեւում կոչ է արվել Միջազգային քրեական դատարանին՝ հետաքննել Պուտինի, նրա Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաեւ Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարության գործունեությունը ռազմական հանցագործությունների կատարման առումով։
«Այդ չարագործությունները պետք է հետաքննվեն՝ պարզելու համար ռազմական հանցագործությունները»,- ասել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը՝ խոսելով Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականների գործողությունների մասին։
Բանաձեւն օրենքի ուժ չունի, բայց ցուցադրում է օրենսդիրների ընդհանուր տրամադրվածությունը։