Հավանաբար, բոլորդ էլ գիտեք այն պարզ ճշմարտության մասին, որ Հայաստանի տնտեսությունը առանց դրսի օգնության, առանց ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների կողմից ուղարկվող դրամական միջոցների, գոյություն ունենալ պարզապես չի կարող:
Վերջին տասնամյակներում, որքան էլ դժվար լինի խոստովանելը, մենք հասցրինք մեր երկրի տնտեսությունն այնպիսի աղետալի վիճակի, որ վերածեցինք այն յուրատեսակ «պարազիտի», տզանման ինչ-որ անհասկանալի գոյության, որը գոյատևման ոչ մի ներքին ռեսուրս գործնականում չի կարող ունենալ: Թե ինչի հետ է դա կապված, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին, սակայն կցանկանայինք մի բավական ուշագրավ փաստի վրա կենտրոնացնել մեր ուշադրությունը:
Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ պարզվում է՝ ՀՀ-ից վերջին 10 տարվա ընթացքում 10 միլիարդ դոլարի արտահոսք է եղել: Ժողովո՛ւրդ, 10 մլրդ դոլար. պատկերացնո՞ւմ եք՝ խոսքն ինչի՞ մասին է: Դա նշանակում է, որ վերջին 10 տարվա ընթացքում մեր երկրից դուրս է եկել և, ինչպես ասում են, այլևս չի վերադարձել Հայաստանի ներկայիս բյուջեի քառապատիկի չափով փող. մենք հիմա կարող էինք մի քանի անգամ ավելի լավ ապրել, քան հիմա ապրում ենք, կարող էինք շատ ավելի մեծ հեռանկարներ ունեցող տնտեսություն ունենալ, քան ունենք հիմա… Հետո էլ կանգնում ու բողոքում ենք, թե արտաքին գործոններով պայմանավորված է, որ չենք կարողանում տնտեսություն զարգացնել, ասում ենք՝ աշխարհաքաղաքականությունն է պատճառը, որ հայտնվել ենք տնտեսական կոլապսի եզրին:
Հետաքրքիր է՝ 10 տարի առա՞ջ էլ էր նման աշխարհաքաղաքական իրավիճակ տիրում աշխարհում, 10 տարի առա՞ջ էլ էին Արևմուտքն ու ՌԴ-ը իրար դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառում:
Փոխարենը ներսի փողերը ներսում պահելու՝ փաստացի զբաղված ենք դրանք ուրիշների տնտեսություններում ներդնելով: Չնայած ինչի՞ց ենք բողոքում, մի՞թե չենք հասկանում, որ փողն ու շահույթը զերծ են ազգային գիտակցության կապանքներից ու գնում են այնտեղ, ուր շատ ավելի բարենպաստ պայմաններ են: Այդպիսի երկրներից մեկը, օրինակ, ասում են՝ հարևան Վրաստանն է, ուր ներդրումային դաշտը մի քանի անգամ այստեղից գրավիչ է: Նույնիսկ ասում են, թե այստեղի շատ հաջողակ գործարարներ Հայաստանում հիմնած շատ բիզնեսներ տեղափոխել են Վրաստան ու հիմա հանգիստ խղճով աշխատում են, վայելում կյանքը: Այս երկար ու ձիգ տարիների ընթաքում մենք այնքան ապաշնորհ եղանք, որ ի վիճակի չեղանք ներդրումների համար Հայաստանը դարձնել նպաստավոր տնտեսական պայմաններ ունեցող երկիր: Եվ այսքանից հետո մենք խոսում ենք երկիր օտարերկրյա բիզնես ներդրումներ ներգրավելու որևէ հեռանկարի մասի՞ն: Եթե հայ մարդը սեփական հայրենիքում, լցված իր իսկ երկրի նկատմամբ անվստահությամբ, ներդրումներ չի կատարում, ինչո՞ւ պետք է, ասենք, ֆինը գա ու այստեղ գործարան հիմնի, ինչի՞ն է պետք:
Կարծել, թե հաջորդ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսք չի լինելու, իհարկե, միամտություն է: Մենք, ցավոք, վաղուց վերածվել ենք այնպիսի մի տարածքի, որտեղից միայն արտահոսքեր են լինում՝ փողի, բնակչության տեսքով, ու ոչ մի կերպ չենք կարողանում որևէ բանի ներհոսք կազմակերպել, այնպես անել, որ գոնե այն հայ մարդիկ, ովքեր սեփական երկրում գործարարությամբ զբաղվելու ցանկություն ու հնարավորություն ունեն, կարողանան ազատորեն ինքնադրսևորվել, այլ ոչ թե վերցնեն ունեցած-չունեցածն ու ծլկեն այստեղից:
Դավիթ Բաբանով