hetq.am

«Թիմ» ընկերությունների խմբի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ Սոլյուշնս» ընկերությունը հիմնադրման օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերից՝ ծառայությունների մատուցման խոշոր գործարքներ է կնքում պետական գերատեսչությունների հետ՝ մեծ մասամբ Պետական եկամուտների կոմիտեի։ Այս ՏՏ ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, վերջին 2,5 տարիների ընթացքում պետությունից ավելին քան 3 միլիարդ դրամի պատվեր է ստացել։

«Թիմ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Ըստ ընկերության իրական շահառուների  ՓԲԸ-ում 50-ական տոկոս բաժնեմաս ունեն եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Նրանք այս ընկերությունը հիմնել են «Յուքոմից» դուրս գալուց և «Բիլայնը» (ներկայում՝ «Թիմ Տելեկոմ») ձեռք բերելուց հետո։