Երևանի 2806-ամյակին նվիրված միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսել։ Լուրեր․com-ի տեղեկություններով, քաղաքապետ Ավինյանը մոտ 700 մլն դրամ գումար է ծախսել, որից զգալի մասը՝ 360 մլն դրամը տրամադրել մեկ կազմակերպության:
Հետաքրքրականն այն է, որ գրեթե բոլոր նման միջոցառումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է մեկ անձից գնումներով, իհարկե տրամաբանություն կլիներ, եթե շտապ միջոցառում կազմակերպման խնդիր լիներ, սակայն Երևանի հիմնադրման օրը ամեն տարի նույն օրն է նշվում և չի փոփոխվում, հետևաբար գրեթե 9 ամիս ժամանակ կա, որպեսզի հայտարարվի պատշաճ մրցույթ և իրականացվի այն։
Սակայն Տիգրան Ավինյանի թիմը նախընտրում է մեկ անձից գնումներով կատարել խոշոր պայմանագրերը։ Օրինակ, «Yerevan Classic fest» միջոցառման համար, կրկին մեկ անձից գնումով, «Բրիդջ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել ծառայություն, որի արժեքը կազմել է շուրջ 340 մլն դրամ։ Պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Բրիդջ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Նարեկ Չախոյանին, ով ըստ խոսակցությունների մտերիմ հարաբերություններ ունի Ավինյանի թիմակից, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանի հետ։
Հետաքրքիր է, որ արդեն շուրջ 3 մլրդ դրամի գումար է հատկացվել վերոնշյալ ընկերությանը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ կառույցներ անգամ որևէ կոռուպցիոն ռիսկեր չեն նկատում և պատշաճ քննություն չեն իրականացնում։ Հավանաբար Պետրոս Պետոյանը՝ իր մտերիմների համար, առաջնորդվում է «Ասեք կանենք» կարգախոսով, ասում է քաղաքապետին և Ավինյանը անում է։