Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4%-ով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 88. 6 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 15.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 4.9 մլրդ դրամով կամ 5.3%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 11.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը):
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 589.2 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 88.6 մլրդ դրամ։ Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 500.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 39.3 մլրդ դրամով կամ 8.5%- ով:
Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է' վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 27.4 մլրդ դրամով կամ 5.8%-ով: