The Washington Post-ն անդրադարձել է Արդբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորմանըˋ դատապարտելով Ադրբեջանի հալածանքները և ճնշումները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանների նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբˋ թերթը գրում է. «Խադիջա Իսմայիլովայի աշխատանքը կարևոր կարող էր լինել ց անկացած երկրում, սակայն հատկապես մեծ համարձակություն է պահանջում Արդբեջանումˋ նավթով հարուստ սուլթանություն, որը Խորհրդային Միության տարիներին և դրանից հետո կառավարվում է Հեյդար Ալիևի, իսկ 2003 թվականին նրա մահից հետո նրա որդուˋ Նախագահ Իլհամ Ալիևի կողմից»:
Վերջին տարիներին Իսմայիլովան հետաքննում էր իշխող ընտանիքի քողարկված հարստությունը և բացահայտում ապացույցներ, թե ինչպես է այդ ամենը ձեռք բերվել գաղտնի գործարքների միջոցով: «Այժմ, տիրակալները հակահարձակման են անցել և լռեցրել նրան: Սա վերջին օրինակն է, թե ինչպես է Ադրբեջանը վերածվել մարդու իրավունքների և ժողովրդավարության մռայլ դիստոպիայի»,- գրում է թերթը:
Իսմայիլովան, ով աշխատում էր ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում, պարբերաբար ճնշումների է ենթարկվել իշխանությունների կողմից: 2012-ին նրան ուղղված նամակով զգուշացրել են դադարեցնել Ալիևների ընտանիքի և Բաքվում իրականցվող թանկարժեք շինարարական ծրագրերի միջև կապեր գտնելու ուղղությամբ տարվող հետաքննությունը:
2014 թվականին Իսմայիլովան կանչվել է հարցաքննության և մեղադրվել կառավարական գաղտնիքները ԱՄՆ երկու սենատրոներին փոխանցելու համար, ում հետ լրագրողը հանդիպել էր Բաքվում: Հոկտեմբերին նրան չորս ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, ապա արգելել երկրից դուրս գալ: Այնուհետև դեկտեմբերի 5-ին նա ենթարկվել է երկու ամիս նախնական կալանքիˋ մի անձի ինքնասպանության դրդելու ակնհայտ շինծու մեղադրանքով:
Թերթը նշում է, որ դեռևս փետրվարին Իսմայիլովան հրապարակել էր «Եթե ինձ կալանավորեն» վերնագրով հայտարարություն, որով նշել էր, որ իր հնարավոր կալանավորման միակ պատճառը կարող են լինել իր անցկացրած հետաքննությունները: «Կառավարությանը խանգարում է այն, ինչով ես զբաղվում եմ»,- գրել էր նա:
«Ադրբեջանն Արեւմուտքին սիրաշահում է իր էներգետիկ հարստություններով և հպարտանում, որ 2012 թվականին հյուրըկալել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Սակայն Կասպից ծովի ափին ամեն ինչ չէ, որ լավ է: Պարոն Ալիևը ոչ միայն խորտակում է անհատների կյանքերը, այլ փորձում բանտարկել «ազատություն» հասկացությունը: Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է հիշեցնեն նրան, որ այս մռայլ փառասիրությունը հաջողության չի հասնի և միայն կվնասի իր երկրին»,- գրում է թերթը:
The Washington Post-ը հիշեցնում է նաև, որ Իսմայիլովայից բացի, ադրբեջանական կառավարությունը բանտարկության մեջ է պահում մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին, նրա ամուսնունˋ Արիֆ Յունուսին, և տասնյակ այլ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների: